Thursday, 10 May 2018

Երազելու և գործելու Հայաստան



Ահա եկավ այն պահը, երբ հայաստանում բնակվող մարդը դարձավ քաղաքացի։ Քաղաքացին երկրի տերն է, հետևաբար ամեն քաղաքացի պետք է ունենա երկրի զարգացման իր տեսլականը։ Ի՞նչ կարող է անել յուրաքանչյուր մի քաղաքացի, որ զարգացնի իր երկիրը։ Չնպաստելն արդեն իսկ խանգարել է, իսկ խանգարող քաղաքացին այլևս սպառող է ու տալու ոչինչ չունի ո՜չ երկրին ո՜չ աշխարհին։ Իսկ օգնում են արդար լինելով, անարդարությունը չհանդուրժելով, քաղաքը մաքուր պահելով և կեղտը մաքրելով։ Այս ամենի հետ մեկտեղ պետք է անել ամեն ինչ, որ չստեղծվեն տոհմային կալվածատերեր։ Ժամանակն է հաղթահարելու «ճակատագրի բարդույթը» մեր մտքին ազատություն տալով. բոլորս սկսում ենք միևնույն կետից։ Նոր ծնվող քաղաքացին պետք է անկախ լինի բառի լավ և վատ իմաստներով։ Անհատը պետք է հասկանա, որ իրեն ոչ ոք չի օգնելու և պետք է ունենա կայանալու մեջ ինքն իր դերի գիտակցումը։ Եթե հաջողեցիր, ապա բոլոր կրեդիտները պետք է քեզ գան, եթե ոչ՝ քեզ պետք է տրվի նոր մի հնարավորություն։ Հնարավորություն տվողը, թե՜ հասարակությունն է, թե՜ պետությունը, որ պետք է մերժի ստրուկի մտածողությունը։ Այո ծառայողը ստրուկ է, երբ որ բավարարվում է իրավիճակով։ Կապ չունի, թե որքան աշխատավարձ կստանաս, երկինքն իր համար լիմիտ սարքողը, երբեք չի հասնի այդ նույն երկնքին։ Փորձիր, ձախողվիր, նորից սկսիր։ Ահա այս հաջորդականությունն ապահովողը պետք է լինի իմ պետությունը։ Իմ պետությունը ազգ պահպանելու համար չէ, ծովից-ծով Հայաստան ունենալու համար չէ։ Իմ պետությունը իմ ժպիտն ու հարմարավետությունն ապահովելու համար է, իսկ ես պետք է լինեմ այնքան հասու, որ փողոցում խորոված չանեմ, աղբը գետնին չթափեմ, երկրիս դրոշով վոլեյբոլ չխաղամ։ Գուցե, սա ես չտեսնեմ, զավակներս նույնպես, թոռներս էլ... Բայց օրը կգա, որ բոլորի համար տեսանելի փոփոխությունները չափազանցված չեն լինի։ Իսկ այդ օրվա գալու միակ երաշխիքը չհանդուրժող քաղաքացին է, ով փոփոխության համար պատրաստ է սխալվել։

0 Մեկնաբանություններ:

Post a Comment