Thursday, 5 April 2018

Գերագնահատված մարդկանց մասին խոսելով ավելի ենք էժանացնում նրանց

Երեկ լրանում էր Մկրտիչ Խրիմյանի ծննդյան 198 ամյակը։ Բնականաբար սա առիթ էր, որպեսզի համացանցը ևս մեկ անգամ անդրադառնա այս մարդու կերպարին և մեղմ ասած նրա գովքը սկսի։ Թևավոր խոսքերի տարափ, ազգային հերոսի առաջ խոնարհում և նման շատ անիմաստ բաներ, որոնք ուղղակի էժանացնում են մարդու կերպարը։
Անկեղծ ասած չգիտեմ, թե ինչով էր այս մարդը տարբերվում իրեն նախորդող 124 կաթողիկոսներից և, թե ինչ լավ բանի բերեց նրա հասարակական գործունեությունը մեր ժողովրդի համար։ Ավելին գտնում եմ, որ նրա մուրացկանի կերպարը, լացի լեզուն երբեք չեն կարող արժանի լինել ժողովրդի ներկայացուցիչ լինելուն, գցում են այդ ժողովրդի անունը և հնարավորություն են տալիս օգտագործելու այդ մարդկային ամբոխին։ Միթե ամբողջ Հայաստանում չկար մի բանիմաց հայ, որ կարող էր դիվանագիտական կապեր ստեղծել բարձրագույն մարմիններում։ Իհարկե նման մարդիկ պետք է եղած լինեին։ Բայց արդյո՞ք եկեղեցին թույլ կտար այլոց զբաղվելու այն գործերով, որոնք իրենց էին վերաբերում։ Խրիմյան Հայրիկը բախտի բերմամբ, թե պատահմամբ այնպիսի ժամանակներում էր կաթողիկոս, որ սահմանափակվել էին եկեղեցու, այլ ոչ թե հայ ժողովրդի իրավունքները։ Եվ ահա մեր կաթողիկոսը հանկարծ հիշեց, որ ժողովուրդը արդեն երկար ժամանակ է հալածանքների է ենթարկվում, և հանձն առավ սատար կանգնել այդ ժողովրդին և առաջնորդել նրանց։ Առաջնորդելը նույնպես բավականաչափ լավ չարեցին կամ չէին կարող անել, քանի որ փոխարենը տգետ ժողովրդին կրթելու և միավորելու սպասում էին, թե աշխարհը պետք է մտածի, որ ժամանակն է փրկելու այս ժողովրդին։
Նաև նրա մասին անդրադառնում ենք կրթական համակարգում։ Հայոց պատմության դասագրքում երկու պարագրաֆ տրամադրված է այս մարդուն և սա դեռ բավական չէ նրա մասին անցնում ենք նաև Գրականություն առարկայից։ Չգիտեմ ով է նման բան որոշել, բայց գրականության ոլորտում մասնավորապես մարդու ապրած կյանքը պետք է երկրարդական պլան մղվի, ստեղծագործությունների հետ համատեքստում։ Արդյո՞ք նա միջակ գրողից ավելի արժեք է ներկայացնում։ Իսկ եթե պետք է պարտադիր անցնենք Խրիմյան Հայրիկին, ինչու՞ չկարդանք մեր ժամանակակից, օրինակ՝ Արամ Թարվերդյանի բանաստեղծությունները, որոնք հաստատ ավելի արժեքավոր են, արդիական և մեր սերնդի կյանքին ավելի համապատասխան։ Մտածեք դրա մասին։ 

0 Մեկնաբանություններ:

Post a Comment