Thursday, 15 March 2018

Ինչու՞ փլուզվեց Սովետական Միությունը


1991թ․ փլուզվեց պատմության ամենամեծ երկրորդ պետությունը՝ Սովետական Միությունը։ Այսպիսով անկախացան 15 պետություններ այդ թվում և Հայաստանը։ Տասնհինգ պետության և ժողովրդի անկախացման գործընթացը բնականաբար անհնար է ներկայացնել փոքր հոդվածում, սակայն հնարավոր է ներկայացնել այն պատճառները և հանգամանքները, որոնք հնարավոր դարձրին այդ անկասկած խոշոր իրադարձությունը։ Պատճառները տնտեսական են, սոցիալական, իրավական և իհարկե քաղաքական։ Անդրադառնանք սրանց հերթականությամբ։

Սովետական միությունը կոմունիզմի մեծագույն թեստն էր հասարակության համար։ Արդյո՞ք տնտեսական փակ համակարգը կարող էր հաջողության հասնել։ Գուցե այո, բայց ոչ այդ երկրի և ժողովուրդների դեպքուն։ Տեսեք, անկախ Առաջին համաշխարհայինից Ռուսաստանի միակողմանի դուրս գալու արդյունքում անկախացած ժողովուրդների առաջին հանրապետության երկու տարիների, չի կարելի ասել, որ Սովետական Միությունը Ցարական Ռուսաստանի ժառանգորդը չէր։ Այսպիսով այն ձևավորվել և կազմավորվել է մի պետությունից, որտեղ չկար կրթական միասնական և զարգացած համակարգ, իսկ կոմունիկացիան մեղմ ասած վատ վիճակում էր։ Այս պայմաններում միաշերտ հասարակության ձևավորումն անհնար է, իսկ կոմունիզմը հենց դա է ենթադրում։ Հայաստանում արդյո՞ք գիտեին ի՞նչ է մտածում ուկրաինացին կամ թուրքմենը։ Բայց չէ՞, որ կումունիզմի ուտոպիայում նման միասնությունն է ստեղծում պետությունը։ Կոմունիզմը բարձրագույն արժեք է, համենայնդեպս իմ կարծիքով, և դա տարածք գրավելով ու այդ տարածքի բնակչությանը պարտադրելով չեն տարածում։ Կումունիզմը պետք է հաջորդի բարձրագույն կապիտալիզմին և ձևավորվի հասարակության ինքնագիտակցությունում։ Այն նույնքան մատչելի չէ ինչ կապիտալիզմը, իսկ խոզի առաջ մարգարիտներ նետելու դեպքում դրանք մաքուր չեն մնա։ Բնականաբար մարդիկ սկսելու էին գողանալ, իսկ սեփականությունից զրկված քաղաքացին մոտիվացիա չէր ունենալու իր գործը լավ կատարելու համար։ Այսինքն պետք էր ուղղակի հարմարվել համակարգին և դրանից քաղել ինչ-որ հնարավոր է։ Կեղծիքի հիման վրա ստեղծված հանրույթը երկար չի կարող դիմանալ, մանավանդ որ այդ պայմաններում արգելված արժեքներն ավելի ցանկալի են դառնում։ Սովետական միությունը ազգային կոնֆլիկտները հարթելու համար տարածքային փոխանցումներ էր անում՝ մի պետությունից մյուսը։ Իշխանության համար սա ոչինչ չէր նշանակում, քանի որ բոլորը միևնույն է իրենց իշխանության տակ էին, սակայն ժողովուրդները, երբ օրհասական պահը եկավ կարևորություն տվեցին դրան։
Այս ամենի հետ մեկտեղ պետք է նաև կարևորել այդ օրհասական պահի առիթը։ Միխայիլ Գարբոչովի հայտարարած մասամբ դեմոկրատիան և մասամբ բաց համակարգի հիմնումը այդ առիթն էր ոտքի կանգնելու։ Սա նշանակում էր, որ ռիսկ չկար նոր Նովոչերկասյան ջարդերի և կարելի էր բարձրաձայնել խնդիրների մասին։ Բնականաբար ի սկզբանե ոչ ոք չէր պահանջում և չէր էլ կարող պահանջել իրենց երկրի անկախությունը։ Ինչ-որ սոցիալական խնդիր ևս պետք էր, որ մարդիկ զգային, թե ինչու՞ Օպերայի հրապարակ գնան այսօր, այլ ոչ երկու ամսից ժամը երեքին։ Այդ «ոտք դնելու քար» խնդիրը Հայաստանի դեպքում էկոլոգիական էր։ Ժողովուրդը պահանջեց Մեծամորի ատոմակայինի փակումը և ստացավ իր պահանջի կատարումը։ Սա ազդակ էր, որ իշխանությունը պատրաստ է երկխոսման և արդեն օրակարգ մտավ ԼՂԻՄ-ի Հայաստանին միանալու խնդիրը։
Սա չէր լինի, եթե Սովետական միության շնորհիվ երկրներում չբարձրանար քաղաքային բնակչության թվաքանակը։ Հեղափոխությունները, քաղաքական պրոցեսները չեն կարող տեղի ունենալ, եթե չկա կենտրոնացված և որոշ չափով գերադրական համակարգ։ Քաղաքային մշակույթը և քաղաքակրթությունը մարդկային ամբոխը դարձնում է կապված։ Վերջիվերջո, երբ միլիոնավոր մեղուներ հավաքվում են մի տեղ, նույնիսկ ամենախիզախներն են փախչում։ Նույնը եղավ նաև Սովետական միության մայրաքաղաքներում։ Սոցիալական բնակարաններով մարդկանց համար հեշտ եղավ բնակարան ձեռք բերել մեծ համայնքում և տեսնել իրականության ավելի լայն տեսարան։ Քաղաքային բնակչությունը ենթադրում էր նաև բարեկեցության մի նոր մակարդակ, որը կարևոր է հեղափոխությունների համար։ Մարդիկ չունեին օրվա հացի խնդիր, չկար աշխատանքի խնդիր, այսպիսով մարդու համար առաջնային պլան սկսեցին մղվել ոչ անմիջականապես իրեն վերաբերող խնդիրները։ Հանրությունն արդեն սկսել էր ձևավորվել և մարդը մտածում էր իր կողքինի մասին։ Այս գիտակցության և բարեկեցության պարագայում կոմունիստական հասարակությունը նոր պետք է ձևավորվեր, բայց այն արդեն ձախողվել էր պարտադրանքի արդյունքում։
Բայց ինչու՞ հենց քսաներորդ դարի վերջին եղավ այդ ցնցումը։ Այստեղ չպետք է թերագնահատել արբանյակ պետությունների դերը։ Այն վերջնականապես անվստահության մտնոլորտ է ստեղծում և ցույց է տալիս, որ այլևս Սովետական միությունը պարտվել է Սառը պատերազմը։ Եվ իրոք, որքան էլ ժողովուրդների ներքին պայքարը կարևոր էր, միևնույն է դա բավարար չէր լինի նման մեծ պետության փլուզման համար։ Վերցնենք Չինաստանի օրինակը։ Բացառությամբ ազգային խնդրի, մնացած բոլոր խնդիրներն առկա էին նաև որոշ ժամանակ Չինաստանում, ավելին այնտեղ տնտեսական խնդիրներն էլ ավելի խորն էին, սակայն կոմունիզմը շարունակում է լինել տնտեսության կառավարման ձևը Չինաստանում։
Ամփոփելով ասվածը կուզենայի ավելացնել, որ բոլոր մեծ և բազմազգ պետությունները միտված են կործանման և դա վաղ թե ուշ լինելու է։ Այլ հարց է, որ գերտերության փլուզման արդյունքում առաջացած պետություններից մեկը կարող է գերակայություն ունենալ մյուսի վրա, բայց ամեն դեպքում անհնար է ստեղծել այնպիսի համակարգ, որ կարողանա ճիշտ կառավարել հազարավոր կիլոմետրեր իրարից հեռու ապրող տարբեր մարդկանց։

0 Մեկնաբանություններ:

Post a Comment