Thursday, 15 March 2018

Տիգրան Պասկևիչյանի այցը կրթահամալիր

Տիգրան Հայրապետյանի անվան հասարակագիտական ստուգատեսի շրջանակներում այսօր կրթահամալիր էր այցելել Տիգրան Պասկևիչյանը։ «Փակ սահմանի երկխոսություն» ֆիլմի ռեժիսորը սկզբում պատմեց ֆիլմի ստեղծման պատմությունը, ապա սովորողների հետ քննարկեց հայ-թուրքական հարաբերությունները վերջին քառորդ դարում։
Հեղինակը նշեց, որ առհասարակ պատմություն գիտությունը հասկանում է որպես մարդկային կարծիքների ամբողջություն և դրա մեջ ներառում է նաև հուզական ֆոնը։ Այդ նույն սկզբունքով էլ ստեղծել է ֆիլմը՝ ցուցադրելով երկու կողմերից մասնագետների կարծիքներ ու պատճառաբանություններ։ Պարոն Պասկևիչյանը առանձնակի ուշադրություն էր դարձնում այն հանգամանքի վրա, որ եթե ֆիլմում հայտնվում է մի կողմից ինչ-որ պաշտոնյա, ապա ֆիլմում պետք է լինի նաև հակառակ կողմի համապատասխան ներկայացուցիչը։ Ես համամիտ եմ ռեժիսորի հետ, քանի որ իմ կարծիքով այլ կերպ անհնար է ամբողջական պատկերը տեսնել։ Հանդիպումն ավելի հետաքրքիր էին դարձնում անընդհատ հնչող սովորողների հարցերը, որոնք ստանում էին իրենց բավարարող պատասխանը։ Հարցերը մասնավորապես վերաբերում էին նոր սերնդի կարծիքներին, Թուրքիայում հայ պաշտոնյաներին և դիվանագիտական հարաբերությունների երկկողմանի սխալներին։ Պարոն Պասկևիչյանը մեծ սիրով պատասխանում էր մեզ և իր պատասխաններն ավելի մատչելի դարձնելու նպատակով հաճախ բերում էր նաև օրինակներ։ Հանդիպումը շատ արդյունավետ էր, քանի որ հյուրընկալել էինք խելացի անձի և անհատականության, ով իր քայլն արել է երկու հարևանների հաշտեցման հարցում։ Իսկ եթե բոլորս համապատասխան մեր քայլն անենք այս խնդրի լուծման համար, այլևս ֆիլմի անվանումը՝ «Փակ սահմանի երկխոսություն» արդիական չի լինի։ Ամենայն հավանականությամբ հենց այդ նպատակով է մեր այսօրվա հյուրը ստեղծել այդ ֆիլմը։

0 Մեկնաբանություններ:

Post a Comment