Thursday, 22 February 2018

Եվրամիությունը որպես բազմազգ պետություն



Եվրոպայի Միացյալ Նահանգներ(պետություններ) տերմինը առաջին անգամ կիրառվել է Վիկտոր Հյուգոյի կողմից 1849 թվականին տեղի ունեցած «Միջազգային խաղաղության կոնգրեսի» հանդիպման ժամանակ: Այժմ այն լայնորեն կիրառվում է հիմնականում բրիտանական մամուլում, որտեղ գրեթե միշտ հանդես է գալիս բացասական իմաստով: Բրիտանացիները հիմնականում շեշտը դնում են այն հանգամանքի վրա, որ աշխարհամասում գերագույն պետություն ունենալը հակազդում է ազգերի սուվերենությանը:
Բրիտանիան այդպես էլ չկարողացավ ամբողջովին ինտեգրվել Եվրամիության գաղափարներին և 2016 թ. հունիսի 23-ին Brexit-ի հանրաքվեի մասնակիցների 51.9%-ը որոշում կայացրեց լքել Եվրամիությունը: Սա անակնկալ էր շատերի համար, քանի որ Բրիտանիայի ժողովուրդը երկար տարիներ էր պայքարել ԵՄ մտնելու համար և այսքան հեշտ կատարեց այն լքելու մասին որոշումը: Որոշների համար էլ սա տրամաբանական էր և Բրիտանական ժողովրդի պահպանողականությունը կասկած չէր հարուցում: Բավական է մեջբերել Ուիսթոն Չերչիլի 1930 թ. փետրվարի 15-ին ամերիկյան «The Saturday Evening Post» ամսագրին տված հարցազրույցից մի հատված.«Մենք ավելի հարուստ, ազատ, զարգացած Եվրոպական ընդհանրության մեջ լավից ու հույսից բացի ոչինչ չենք տեսնում: Բայց մենք ունենք մեր սեփական երազանքը և մեր սեփական առաջադրանքը: Մենք Եվրոպայի հետ ենք, բայց ոչ Եվրոպայինը: Մենք կապված ենք, բայց ոչ զիջված: Մենք հետաքրքրված ենք և ասոցացված, բայց ոչ կլանված»:
Բրիտանիայի օրինակը գուցե ցույց է տալիս կատարյալ թվացող համակարգի ճեղքերը, որոնցում թաքնված են ներպետական շահերը: Որքան էլ Եվրոպական Ազատ Առևտրի Գոտին և Շենգեն վիզան բոլորի համար շահավետ պայմանների տպավորություն ստեղծեն, միևնույն է, երբ Ռուսաստանի դեմ սանցիաների ընդլայնման հարցը քննարկվում է Եվրամիության Խորհրդում, Հունաստանը մնում է Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի(Մինչև 2019թ. Մարտի 29-ը) խղճահարության հույսին, քանի որ փոքր պետությունները միևնույն է ոչինչ չեն որոշում: Ճիշտ է, հենց այդ նույն Եվրամիության շնորհիվ է Հունաստանը կամաց-կամաց հաղթահարում ճգնաժամը, բայց միևնույն է այն համակարգը, որ ներդրված է Եվրամիության Խորհրդում և Պառլամենտում հավասար ուժ չի տալիս պետություններին: Ի տարբերություն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի, Եվրամիության Խորհրդում իրավական ակտերը չեն ընդունվում քվեարկող պետությունների քանակի մեծամասնությամբ. ներդրված է նաև բնակչության տոկոսային համակարգը: Որպեսզի փաստաթուղթը մտնի օրինական ուժի մեջ պետք է, որ մասնակից պետություններից առնվազն 15-ը կողմ քվեարկեն և նրանք ներկայացնեն ԵՄ-ի բնակչության առնվազն 55%-ը: Ավելի պարզ ասած, եթե ինչ-որ ակտի Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Պորտուգալիա պետություններից կամայական 4-ը դեմ քվեարկեն, ապա այդ ակտը չի անցնի: Գրեթե նույն համակարգը գործում է նաև Եվրամիության Պառլամենտում, որտեղ ամեն երկրի քաղաքացիները ընտրում են սահմանափակ քանակի անդամների մեջ կուսակցությունների հարաբերությունը: Միգուցե սա է պատճառը, որ Թուրքիան ցանկացած տեսակի բարափոխման դեպքում չի կարող մտնել Եվրամիություն, քանի որ մոտ ապագայում այն կունենա ավելի շատ բնակչություն քան այս պահին ամենից շատ բնակիչ ունեցող Գերմանիայի Դաշնությունը: Անկախ կրոնական հանդուրժողականությունից և Եվրոպայի բնակչության բազմաշերտ լինելուց, ԵՄ-ն չի կարող թույլ տալ նման մեծ մահմեդական ուժի առկայությունը ԵՄ-ում: Չպետք է մոռանալ, որ Եվրամիությունը ստեղծող պետությունները ԵՄ-ի  հիմնադրումից մի քանի տարի առաջ ստեղծեցին և աջակցեցին Պան-Եվրոպացիիզմ գաղափարախոսությանը, որտեղ այդ գերագույն պետական կազմավորման բնութագրության մեջ նշվում էր քրիստոնեա կազմավորում եզրույթը:

Բաց սահմանների հանգամանքը, որքան էլ դրական թվա, միևնույն է չի թաքցնում անդամ երկրներից շատերի բնակչության մասամբ ազգայնական լինելը: Օրինակ` Լեհաստանի բնակչության լայն շերտեր դեռ պահպանում են պատմական Լեհաստանի մասին նպատակները: Կարող եք սա համարել պատմական հիշողություն և հպարտություն, կարող եք սա անվանել հողային նպատակներ: Օրինակ` Նապոլեոն Բոնապարտը Սուրբ Հեղինե կղզում, ըստ Ֆելիքս Մարկհամի հուշերի, ասում է. «Այսպիսով Եվրոպայում ազատ ազգերի բաժանված, որոնք ձևավորված են և ներքուստ ազատ, պետությունների միջև խաղաղությունն ավելի հեշտ կլիներ»: Ես կարծում եմ, որ մի պետության տարածքներում տեղավորվող Եվրոպան, որը բաղկացած է վերադաս և ստորադաս նահանգներից, կարող է ժամանակի ընթացքում դառնալ ամենից ցանկալի և ապահոված երկիրը և որոշիչ դեր խաղալ միջազգային հարաբերություններում: Վերջին պայմանը կլինի, եթե Եվրոպան լինի անկախ` առանց երկրորդ համաշխարհայինից հետո ստացած կախվածություններիի: Այդ դեպքում գուցե մի քանի սերունդ հետո տեսնենք մի նոր ժողովուրդ, որին ամբողջ աշխարհը կկոչի եվրոպացի:
Պան-Եվրոպացիական Միության դրոշը

0 Մեկնաբանություններ:

Post a Comment