Friday, 2 February 2018

Ե՞ս եմ, Պատիվ ունե՞ մ



Կրթահամալիրի սովորողներին «ազգ-բանակ» հայեցակարգին և այլընտրանքային ծառայության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին ծանոթացնելու նպատակով այսօր մեզ էին այցելել ՀՀ բանակի բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի գլխավորությամբ։

Հանդիպմանը մասնակցում էին ավագ դպրոցի տղա և աղջիկ սովորողներ։ Սկզբում պարոն Քոթանջյանը ներկայացրեց ընդհանուր զինվորական համակարգն ու դրա ձեռքբերումները Հայաստանի անկախացումից ի վեր։ Գեներալը նաև նշեց կոնֆլիկտների լուծման խաղաղ միջոցների մասին և իր խոսքում կարևորեց այն։ Նշվեց նաև որակյալ սպայական կրթության մասին։ Այնուհետև մյուս սպաների կողմից ներկայացվեցին նախ 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով բանակի ոլորտին վերաբերող փոփոխությունները, ապա սովորողներին հետաքրքրող «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը։  Մինչ այդ կարծես չկային հարցեր, չնայած նախորդող մոտ 1 ժամում «ազգ-բանակ» հայեցակարգի մասին այդպես էլ կոնկրետ ոչինչ չասվեց։ Խոսքն ավելի շատ նման էր Սերժ Սարգսյանի անվան առաջ «հարգարժան» որակումը օգտագործելու համար պատրվակների որոնման։ Որոշ հարցերին սպաները պատասխանում էին սիրով, որոշներից՝ խուսափում։ Օրինակ՝ «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցների հետագա կյանքի, մասնագիտությանը վերադառնալու մասին հարցին բանախոս փոխգնդապետը  պատասխանեց մոտավորապես այսպես. «Այդպես մասնակիցները ձեռք բերում 3 տարվա աշխատանքային ստաժ, որը հետագայում աշխատանքի ընդունվելիս շատ մեծ առավելություն է»։ Չնայած հարցը մեկ անգամ չէ որ տրվեց, ամեն դեպքում պատասխանն անփոփոխ էր։ Իմ կարծիքով այս հանգամանքը լրիվ հակառակ ազդեցություն է ունենում, քանի որ գործատուի համար կարևոր չէ, թե դու քո մասնագիտությունից դուրս մեկ ամիս ես աշխատել, թե 10 տարի։ Նույն տրամաբանությամբ հաշվապահի կրթություն ունեցողը կարող է բերել իր 10 տարվա մատուցողի աշխատանքային ստաժը։ Այդպես էլ պատասխան չստացավ 5 միլիոն դրամ պատվովճարի սահմանափակ ազատության մասին հարցը։
Այս ամենից մոտս այնպիսի տպավորություն ստացվեց, որ այս պետությունում յուրաքանչյուր քաղաքացի ստանում է իր մասնագիտությունը հանուն ՊՆ ինչ-որ գործառույթ իրականացնելու։ Ըստ էության ոչինչ չասվեց «ազգ-բանակի» մասին, որի մասին շատ կուզենայինք լսել: «Ազգ-բանակը» կամ ավելի շուտ «ազգի ոչ հարուստ մաս-բանակը» իրական է ու ցավոք սրտի շատ մարդիկ իրենց հետագա կյանքը տեսնում են հենց այս համակարգում։

0 Մեկնաբանություններ:

Post a Comment