Thursday, 1 February 2018

Երբ ՔՀԿ-ները տեսնում են զարգացումը կրթության ոլորտում

Հունվարի 31-ին մասնակցեցինք Հայաստանում կրթության ոլորտում գործող լավագույն 25 քաղաքացիական կազմակերպությունների հետ հանդիպմանը:
Սեմինարին հրավիրված էր կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և մենք՝մի քանի սովորողներս`Միքայել Կամենդատյան, Լուսինե Ալեքսանյան, ես`Էրիկ Թելունց, ինչպես նաև դասավանդող` Հերմինե Անտոնյանը: Հանդիպման նպատակն էր ծանոթացնել կազմակերպություններին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գործունեությանը և այստեղ կիրառվող կրթական ծրագրերին: Հանդիպումը կրում էր սեմինարի բնույթ, այսինքն պարոն Բլեյանի ներկայացման խոսքին հաջորդում էին կրթահամալիրին և ընդհանուր կրթական համակարգին վերաբերող տարբեր հարցեր: Կրթահամալիրի ստեղծման պատմության և հանրապետությունում ընդհանուր կրթական համակարգին վերաբերող հարցերին պատասխանում էր կրթահամալիրի տնօրենը, իսկ ամենօրյա ուսումնական պրոցեսին վերաբերող հարցերին պատասխանում էինք սովորողներս` կրթահամալիրի գործունեության անմիջակ կրողներս: Երբեմն լինում էին նաև կարծիքների տարբերություններ: Օրինակ` Միքայելի կարծիքով կրթահամալիրում կարգ ու կանոնը պահպանվում է սովորողների մեջ արդեն իսկ ձևավորված պատասխանատվությամբ, իսկ ըստ իս՝ ուսումնական պրոցեսի բնականոն ընթացքն ապահովելու համար շատ մեծ դեր ունի նկատողությունների համակարգը: Կարծիքների բախումը ցույց է տալիս, որ կրթահամալիրի սովորողները անկախ են, ունեն սեփական միտքն արտահայտելու ինքնավստահություն: Կրթահամալիրի սովորողները նաև ներկայացրեցին իրենց բլոգները, որպես կրթական պրոցեսի անբաժան մաս: Հարց տրվեց բլոգների գրաքննության մասին և նշվեց աշխատանքները հնարավոր թերությունների ռիսկի մասին, սակայն իմ կարծիքով բլոգային ուսուցման նպատակը այդ ամբողջ գործընթացի` սխալներից մինչև վերջնական աշխատանք, թափանցիկությունն է: Մեր կրթական համակարգի խնդիրներից մեկն էլ այն է, որ մենք խուսափում ենք նայել իրական պատկերին. եթե պետք է հրապարակվի սովորղի` դասավանդողի կողմից ամբողջությամբ ուղղված աշխատանք` ինչո՞ւ է դա հրապարակվում սովորողի անունից: Հաճախ նման իրավիճակի ենք հանդիպում, օրինակ` շարադրությունների մրցույթներում կամ նույնիսկ ավարտական քննություններին: Կեղծելը և իրականությունից փախչելը դարձել է սովորական երևույթ, և հակառակ ճանապարհը երբեմն կասկածելի է թվում: Գուցե սա է պատճառը, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը չի գտնվում գյուղատնտեսական աշխատանքով պալատներ ստեղծած անիմաստ ամբոխի համայնքում, այլ տեղակայված է հանրության շրջանում «Բանգլադեշ» անունով հայտնի վարչական շրջանում: Չէ± որ հենց այստեղ է ծնվում քաղացիական հասարակությունը:

0 Մեկնաբանություններ:

Post a Comment