Sunday, 10 December 2017

Կերպարանափոխություն. վերլուծություն

Ֆրանց Կաֆկային <<Կերպարանափոխություն>> նովելը հանդիսանում է աբսուրդի գրականության լավագույն ստեղծագործություններից մեկը: Անկեղծ ասած մինչև այս ստեղծագործությունը կարդալը ես նույնիսկ չգիտեի, որ նման ժանր անգամ գոյություն ունի: Չնայած նման ստեղծագործությունների սցենարի և էմոցիաների խորությունը ոչ բոլորին է հասու(ինչպես և ինձ), այս ստեղծագործությունները տալիս են այն փիլիսոփայությունը, որի պակասն ունեն նույնիսկ բազում իրադարձություններով լի այլ նովելներ:
Ես այս կարծիքը ձևավորեցի ոչ այնքան բուն ստեղծագործությունը կարդալուց, այլ նրա ֆիլմը դիտելուց հետո: 2002 թվականին նկարահանված Վալերի Ֆոկինի <<Կերպարանափոխություն>> ֆիլմը մեկ այլ տեսանկյունից է նայում Կաֆկայի ստեղծագործությանը: Ըստ ռեժիսորի` գլխավոր հերոսը` Գրեգոր Զամզան իրականում չէր վերածվել ուտիճի, այլ նրան էր թվում, որ նա վերածվել է ուտիճի: Շիզոֆրենիայի այս տեսակի դեպքում մարդկանց հաճախ թվում է, թե ինչ-որ հայտնի մարդ են, Գրեգորին թվաց` ուտիճ է: Առաջին հայացքից այս հասարակ դեպքը ցույց է տալիս նրա ընտանիքի իրական դեմք, և թե որքանում էր նրա կարևորությունը այդ ընտանիքում: Նրա հիվանդությունը ցույց տվեց, որ եթե մարդիկ իրար հանդեպ չունենան պարտավորություններ, ապա նրանց միջի զգացմունքները ևս հարաբերական կլինեն: Պատահական չէ, որ նրա մահից հետո ընտանիքը ուրախացավ և վերադարձավ նորմալ կյանքի: Միթե նման դեպքեր չեն լինում առանց մարդկանց ուտիճի վերածվելու: Շատ ընտանիքներ չեն սգում իրենց ազգական, հոգեկան խնդիրներ ունեցող մարդու մահը: Գրեգորի կարևորությունը իր ընտանիքում այնքան էր, որքան կլիներ նրա աշխատավարձը: Նա ուներ միակողմանի պարտավորություններ և գուցե հենց դա էր պատճառը, որ նրան չէին հարգում: Միշտ էլ այդպես է լինում. եթե դու ինքդ քեզ չհարգես, ոչ ոք չի հարգի: Գրեգորը վախենում էր պահանջել իր ընտանիքի մյուս անդամներից գումար աշխատել: Խնդիրը նրանում է, որ մարդիկ իրենց հարաբերություններում փողն են խնդիր տեսնում, բայց եթե Գրեգորը իր աշխատած ողջ գումարը տուն չբերեր, միգուցե նրա ընտանիքի անդամները մինչև նրա <<ուտիճի վերածվելը>> զգային, որ տանը մարդ կա: Գուցե նա խորթ էր այդ մթնոլորտին և ուներ նաև հոգևոր արժեքներ և հենց դրա պատճառով մեկուսացավ: Կաֆկան նկարագրում է, երբ նա դուրս եկավ քրոջ երաժշտությունը լսելու, ունկնդիրներից ոչ ոք չէր նայում քրոջը հիացմունքով կամ զգացմունքներով: Նրանց հետաքրքիր չէր երիտասարդ աղջկա երաժշտությունը, որովհետև դա լսելու համար փող չէին ծախսել, իսկ Գրեգորը ապրում էր դրանով, քանի որ նա ուներ այն ինչի համար նրան մեկուսացրել էին հասարակությունից: «Կերպարանափոխություն»-ում, ինչպես լավ նկարչի նկարներում, չի բացատրվում ստեղծագործության ասելիքը, այլ այն թողնվում է մեզ` հասարակ մարդկանց, որպեսզի դրանից դասեր քաղենք, քանի որ անգիր արած արժեքները քո համար երբեք այն կարևորությունը չեն ունենա, ինչ քո ինքնուրույն հասկացած արժեքները:


0 Մեկնաբանություններ:

Post a Comment