Tuesday, 5 September 2017

Երբ տեսնում ես լույսը

Երկու հազար տասնյոթ թվականն է, և միգուցե, քո տասնիննամյա տղան արդեն հիասթափվել է կյանքից: Ի՞նչ կանեիք դուք:

Անունս Դևիդ Հոջսոն է: Քսաներկու տարի է` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ արթանում եմ առավոտյան ժամը յոթին և գնում եմ Գրոսվենորի այգի, սակայն ոչ զբոսանքի: Հենց այդտեղից են մեկնարկում վաթսունիններորդ երթուղու ավտոբուսները: Երկրորդը մեկնարկող ավտոբուսի վարորդը ես եմ: Մարդկանց հետ գրեթե չեմ շփվում, միայն, երբ ինչ-որ հարց են տալիս պատասխանում եմ, որքան հնարավոր է՝ կարճ: Վերջին տարիներին մարդիկ ավելի քիչ են ավտոբուսով երթևեկում` նախընտրում են մետրոն, ովքեր էլ ավտոբուս են օգտագործում, հիմնականում գնում են մեկ ամսվա վճարման տոմս: Այս ամենի արդյունքում մի հինգ տարի առաջ աշխատավարձս իջեցրին: Տարեկան ընդամենը տասնինն հազար ֆունտ էի ստանում և հազիվ էի կարողանում ընտանիքիս պահանջները բավարարել: Անցած տարի վարորդներով ցույց կազմակերպեցինք և նվազագույն աշխատավարձը սահմանվեց տարեկան քսաներեք հազար ֆունտ: Շեֆս հենց այդքան էլ դարձրեց աշխատավարձս: Վարում եմ մինչև ժամը տասը, կեսօրից հետո: Մինչև տուն եմ հասնում, լինում է ժամը տասնմեկը, և անմիջապես գնում եմ անկողին` հաճախ չնախաճաշելով: Տանը մենակ եմ, քանի որ տղաներս տանը չեն, իսկ կինս մահացել է: Հաջորդ տարի պետք է փոքր որդիս փորձի համալսարան ընդունվել: Արդեն չորս ամիս է՝ մասնավոր ուսուցչի մոտ մաթեմատիկա է սովորում: Ոսուցիչը վաթսունն անց տղամարդ է՝ Վուլվիչից: Տղաս ասում է, որ պարապունքների մեծ մասն անցնում է նրա կյանքից պատմություններ լսելով, սակայն այլընտրանք չունենք` նա համեմատաբար էժան է վերցնում: Մի քանի տարի առաջ նույն վիճակն էր, սակայն ավագ որդիս` Քևինը ձախողվեց: Հենց նրա մասին էլ նշել եմ առաջին նախադասությանս մեջ: Նրան ինչ-որ տեղ հասկանում եմ:
Մի օր, երբ դեռ տասնչորս տարեկան էր, տուն եկավ և ինձ նույնիսկ չբարևեց, միանգամից գնաց իր սենյակ: Միգուցե չէր նկատել, բայց հաստատ գիտեր, որ այդ օրը տանն եմ լինելու; Փորձեցի չմոտենալ, բայց մեկ ժամ չանցած՝ սենյակ մտա: Պառկած էր և տեղից չէր շարժվում` փորձում էր քնած ձևանալ: Բարձը մի կողմ էր նետել, երևում էր`թաց էր: Ամենայն հավանականությամբ արտասվել էր մինչև այդ: Նրան բան չասացի, քանի որ իմ յուրաքանչյուր բառ նրան ավելի էր ցավեցնելու: Ես նույնպես երիտասարդ տարիքում նրա նման էի և տխուր ժամանակ մի բառ անգամ չէի կարողանում տանել:
Տարօրինակ էր նման իրավիճակ տեսնել, քանի որ վերջին ժամանակներում շատ ուրախ էր և անընդհատ ժպտում էր: Ասում էր, որ վերջապես վերականգնել է հարաբերությունները ընկերների հետ: Միգուցե սիրած աղջիկն է մերժել նրան: Քևինը դժվար այդքան թուլամորթ լիներ: Վերջիվերջո փորձեցի խոսել նրա հետ, սակայն այդժամ արդեն իրոք քնել էր: Ցրվելու համար «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իմ էջ մտա: Շատ չանցած՝ արդեն գիտեի՝ ո՛րն էր տղայիս տխրության պատճառը: Ընկերները զվարճանալու էին գնացել, իսկ նա կեսօրին իր սենյակում էր: Բայց ինչո՞ւ նա իր ընկերների հետ չէր: Արդյո՞ք կրկին կռվել են, թե՞… Հաջորդ օրը, երբ աշխատանքի էի գնում, կանգնեցրեց ինձ: Ասաց, որ ցանկանում է աշխատել, որպեսզի ունենա իր սեփական գումարը: Կնոջս մահից հետո ինձ երբեք այսքան ընկած չէի զգացել:
-Երեկ ինչո՞ւ չէիր ընկերներիդ հետ,-հարցրի, և նա անակնկալի եկավ:
-Փող չունեի.-կմկմալով պատասխանեց:
-Ինչո՞ւ ինձնից չուզեցիր:
-Քանի որ դա իմ փողը չէ, ու ինձ հաճելի չէ փող խնդրելը:
-Դու իմ տղան ես: Դու իրավունք չունես ինձնից փող խնդրելու: Դու պարտավոր ես պահանջել դա,- սկսեցի գոռալ, բայց հոգուս խորքում հասկանում էի նրան: Նայելով նրա աչքերին՝ տեսնում էի երիտասարդ Դևիդ Հոջսոնի արտացոլանքը:
-Որովհետև…. Որովհետև դա ինձ բավարար չէ,- զգում էի, որ չէր ուզում ասել դա, և խոսքը կարծես փախավ բերանից: Չէր ուզում վիրավորել ինձ:
-Քո որոշելիքն է, բայց եթե ես ժամանակին նույն կերպ չմտածեի և կենտրոնանայի ուսմանս վրա, այժմ Աարոնի պես տականքից չէի ստանա իմ խղճուկ աշխատավարձը:
-Պարզ է՝ որտեղից ես գալիս, բայց ես կկարողանամ համատեղել երկուսն էլ: Արդեն գտել եմ մի տեղ, որտեղ համաձայն են, որ դասերից հետո աշխատեմ,- ցույց տվեց Ուեսֆիլդի մոլի խանութներից մեկի հետ կնքած նախնական պայմանագիրը: Պայմանագրի վրայից միայն բացակայում էր իմ ստորագրությունը, որով կհաստատեի, որ թույլ եմ տալիս անչափահաս որդուս աշխատել:
-Քո որոշելիքն է,- ասացի՝ ստորագրելով համապատասխան տեղում:
Միգուցե կյանքիս ամենամեծ սխալն էր: Երբեմն պետք է կոշտ լինես երեխայիդ հետ, որպեսզի կանգնեցնես գայթակղությունը: Դեռահասի համար տարեկան հինգ հազար ֆունտը մի միլիոնի արժեք ունի: Առաջին ամիսների ընթացքում իրեն հպարտ էր զգում, քանի որ ավելի շատ փող ուներ, քան իր ընկերների մեծ մասը, սակայն ժամանակի ընթացքում աշխատանքի առաջին տպավորությունը կորցրեց իր ուժը: Ճիշտ է, աշխատում էր կես դրույքով, բայց շատ էր հոգնում: Դրան էր գումարվում տնօրենի`գերմանացի Յոհան Աբրահամի ճնշումը:
Իսկ ընկերները, որոնց հետ լիարժեք շփվելու համար Քևինը սկսեց աշխատել կեսօրից հետո՝ հինգից ինըն, սկսում էին անտեսել նրան: Ֆիզիկապես անհնար էր հոգնած լինելով՝ ծիծաղել Վլադ Ջոնսոնի անհաջող կատակների վրա: Վերջին ուսումնական տարվա սկսվելու հետ մեկտեղ դուրս եկավ աշխատանքից, որպեսզի կենտրոնանա ուսման վրա: Ցավոք սրտի, նույնիսկ կրկնակի կենտրոնացմամբ աշխատելու դեպքում անհնար է մեկ տարվա ընթացքում չորս տարվա ծրագիր սովորել: Միակ տարբերակը առանց հասկանալու անգիր անելն էր, և նա չկարողացավ դա անել: Հետը խոսելիս պարզ երևում էր, որ հասկացել էր չորս տարի առաջ իմ ասած խոսքերի իմաստը: Ի՞նչ անել հիմա: Քննությունը հանձնելուց առաջ գիտեր, որ տասնհինգ տոկոս նույնիսկ չի կարող հավաքել: Թեստը հանձնելը հինգ րոպե նույնիսկ չտևեց` պատասխանել էր իր իմացած հարցերին և լքել քննակենտրոնը: Մոտեցավ ինձ և գլուխը կախ անցավ կողքովս: Արդեն տանն էինք մոտենում, երբ ինձ ասաց.
-Կներես: Ես սխալվեցի:
Ձեռքս դրեցի ուսին և կեղծ ժպիտ փակցրի դեմքիս: Չգիտեմ՝ արդյոք նկատե՞ց դիմակի հետևից երևացող աչքերս, որոնցից արցունքներ էին թափվում, բայց դեպի սիրտս:
Տղաս ընդունելության քննությունը ձախողելուց հետո ուզում էր վերադառնալ նախկին աշխատանքին, կամ ավելի ճիշտ կլիներ ասել` ստիպված էր աշխատել և գնաց Ուեստֆիելդ մոլ: Աբրահամին չէր հետաքրքում նրա ուսումը և արդեն մշտական աշխատող էր ընդունել նրա փոխարեն: Տղաս ժամանակ չկորցրեց և միանգամից դիմեց հենց Ուեստֆիելդում գտնվող արագ սննդի կենտրոն աշխատանքի համար: Սկզբում աշխատեց որպես մատուցողի օգնական, իսկ հիմա մատուցող է աշխատում: Ամեն օր հենց այդ արագ սննդի կենտրոնում է իր ընդմիջումն անում Քևինի նախկին տնօրենը` Յոհան Աբրահամը: Հատուկ նստում է Քևինի կողմից սպասարկվող սեղաններից մեկի մոտ ու պատեհ-անպատեհ կանչում է նրան: Աշխատանքը արդեն ավելի ուշ է վերջանում, և գիշերը մեկին հազիվ տուն է մտնում: Երկու շաբաթվա մեջ մի օր է հանգստանում, որ մի փոքր շատ փող աշխատի: Ստացվում է, որ երկու շաբաթը մեկ եմ տեսնում տղայիս: Կարոտը պակասեցնելու նպատակով մի օր ես նույնպես գնացի նրա աշխատանքի վայր: Յոհանը թույլ չտվեց, որ վճարեմ, ու այլևս չեմ գնում այդտեղ, որպեսզի տղայիս չստիպեմ իր փողը ծախսել ինձ վրա:

Հաջորդ անգամ, երբ նախաճաշում էինք իրար հետ, հարցրի, թե կա՞ արդյոք մեկը, որի հետ կցանկանար իր կյանքը կապել: Փորձեց ցրել խոսակցությունը, և այլևս հարցեր չտվեցի:  Տղաս տխուր էր, և ես չէի կարող ձեռքերս ծալած նստել: Քսաներկու տարի շարունակ իմ աշխատավարձի մի մասը չէի ծախսում՝ կարծելով, որ մի օր պետք կգա: Արդյունքում հավաքեցի քսանութ հազար ֆունտ: Դա բավական կլիներ տղայիս համար կյանքի նկատմամբ հավատ գնելու համար: Նրան համոզեցի թողնել աշխատանքը և մասնավոր ուսուցիչների մոտ մեկ տարի ամբողջ ուժերով սովորել, որպեսզի ընդունվի «Մերի թագուհու» անվան համալսարանը: Իրականում, ուսուցիչների վրա այդ քսանութ հազարից միայն տասը հազարը ծախսեցի: Մնացած գումարը ուղղվեց կաշառք տալու, որպեսզի տղայիս ևս մի հիասթափություն չպատճառեմ: Իմ այս օրենքի խախտմամբ տղաս ընդունվեց «Մերի թագուհու» համալսարանը և իր կյանքի համար իմաստ վերգտավ: Այսօր արդեն ես ծանոթանալու եմ նրա ապագա կնոջ հետ: Պարզվում է՝ քեզ պետք է միայն մի փոքր մոտիվացիա, նույնիսկ եթե այն արհեստածին է: 

0 Մեկնաբանություններ:

Post a Comment