Tuesday, 18 April 2017

Արծիվները

Վերադառնում էինք որսից: Ժայռերի սուր կատարներին անշարժ նստած արծիվները մռայլ հայացքով ճանապարհ էին գնում.

-Ես դրանց փետուրները քամուն պիտի տամ: Գիտե՞ս ինչքան վայրի ուլ են ուտում,-ասաց ընկերս, հրացանը ուսից իջեցնելով:

Իրոք, գայլերից է’լ ավելի արծիվներն են վնաս տալիս մատղաշ քարայծերին: Այսպես մռայլ, մտախոհ ու համբերատար կանգնած իրենց բարձր դիրքին, նրանք հսկում են շրջապատը: Եվ վա˜յ այն ուլին, որ առանց մոր դուրս եկավ քարանձավից կամ փախուստի ժամանակ հետ մնաց հոտից…

Այդ է պատճառը, որ ես առանց խղճի խայթի ասաց.

_ Կրակի’ր:

Միանասը չոքեց և հրացանի փողը ուղղեց մեր դիմացի բլրի գագաթին. պահակների նման դիք կանգնած զույգ արծիվներին:

Կրակոցին հետևեց թռչուններից մեկի թպրտոցը, իսկ մյուսը առանց շտապելու թափահարեց իր լայն թևերը:

Մենք բարձրացանք բլուրը և տեսանք ճերմակապոչ գիշակերին, իր ահագին թուխ թևերը փռած, արյունոտ կտուցը խոտերին քսելիս:

-Էլի ուլ կուտե՞ս… դե հիմի´ կեր, — սիրտը հովացած բացականչեց ընկերս:  Բայց երբ նայեցի աչքերին, ափսոսանք կարդացի նրանց մեջ:

Արծիվը դեռ շնչում էր ու ցամաք նետված ձկան նման բերանը բաց ու խուփ անում, կարծես խեսդվում էր օդի պակասությունից:

-Գնա´նք, — ասաց ընկերս,   չգիտես ումնից դժգոհ: Ապա ձայնը բարձրացնելով ավելացրեց.

-Մարդ դրան կխղճա՞…

Երևի խղճալուց էր ասում. ծանր էր տեսնել այդ փառահեղ թռչունի մահը:

Մենք լուռ իջանք ձորը:

Հանկարծ մեր գլխի վերև շափշափյուն լսվեց և մի լայն ստվեր սուրաց բլուրն ի վեր: Վեր նայեցինք. արծվի ընկերն էր վերադառնում: Նա պտույտներ գործեց և իջավ  վիրավորի կողքին:

-Հիմա ընկերոջ լեշը կուտի, — ասաց ընկերս չարախինդ տոնով:

Բայց նա սխալվեց. արծիվը աղիողորմ ծվոցներով պտտվում էր  իր ընկերոջ դիակի շուրջը, կտուցով վեր էր բարձրացնում նրան, փորձում ոտքի կանգնեցնել ու թռցնել իր հետ…

Մենք քարացած նայում էինք, իսկ թռչունը շարունակում էր իր ողբը:

-Դե լա˜վ, ինչ քնքշությունների ժամանակ է, գնա´նք, — խրոխտ ասաց իմ ընկերը, և ես նորից զգացի, որ իր խղճի ձայնն էր լռեցնում…

Էրիկ Թելունց, Անի Ավթանդիլյան, Ավագ դպրոց, 10-րդ դասարան

0 Մեկնաբանություններ:

Post a Comment