Friday, 2 December 2016

Սողացող ստվերը


Խարույկը վառվում էր, և կրակը շողշողում էր մեկ կողմից մյուսը: Երկու տղամարդ նայում էին դրան և վայելում լռությունը: Հանկարծ այդ հավերժական թվացող լռությունը խախտվեց: Աարոն Րելիշն եղավ այդ «մեղսագործը», որը հյուր էր Օլիվիե Բոռդիյի տանը: Աարոնն ասաց.
-Տեսնես ինչո՞ւ են բոլոր մարդիկ այդքան հանգիստ իրենց զգում կրակի մոտ:

-Ո՞վ գիտի,-պատասխանեց Օլիվիե Բոռդին,- բայց դա հաստատ է: Այդպես էլ չասացիր՝ որտեղից ես, և թե որն է ճանապարհորդությանդ պատճառը:

 -Քեզ համար մե՞կ չէ,-ասաց  Աարոնը՝ առանց հայացքը կրակից կտրելու,- չեմ սիրում, երբ մարդիկ իրենք իրենց խաբում են:

-Այդ էլ ես ճիշտ,- ասաց Օլիվիեն՝ գլուխը մի փոքր կախելով,- ամեն դեպքում վատ չէր լինի, եթե իմանայի, թե ով է հյուրս:

-Անգլիացի եմ: Մինչև այստեղ գալը երկու երկիր եմ ոտքով անցել՝ Պորտուգալիան և Իսպանիան: Ճանապարհորդում եմ հաճույքի համար:

-Իսկ ինչո՞ւ ես ոտքով ճանապարհորդում: Եթե հաճույքն է խնդիրը, կարող ես առնվազն մեքենան օգտագործել:

-Միլիոնատեր չէմ, բայց միայն հանգստանալ եմ ուզում: Մի ծրագիր կա, որը քեզ գումար և միջոցներ է տրամադրում, եթե ոտքով ես ճամփորդում:

-Դու էլ դրա անդամն ես փաստորեն,- ասաց Օլիվիեն ծիծաղելով և մի անգամ էլ ձեռքով Աարոնի ուսին խփեց,- լավ էլ հնարամիտ երիտասարդ ես երևում:

Օլիվիեն հիսունն անց մի տղամարդ էր, որը մենակ էր ապրում, չուներ ընտանիք և Նիսում տան սենյակներն էր էժան գներով վարձով տալիս: Մի շաբաթ էր, ինչ Աարոնը նրա վարձակալն էր և դեռ մի շաբաթ էլ պիտի մնար, սակայն առաջին անգամն էր, ինչ նրանք խոսում էին իրար հետ: Մինչև այս՝ ամեն օր, Աարոնը փողոցներում էր վաղ առավոտից մինչ ուշ գիշեր: Օլիվիեն հետաքրքիր բեղեր ուներ, որոնցով ավելի շատ իսլանդացու էր նման: Առաջին օրը, երբ Աարոնի հետ ծանոթացավ, փորձեց անգլերեն խոսել, որպեսզի տպավորություն թողնի, սակայն ահավոր հնչերանգ ուներ և, չգիտես ինչու, անգլերեն խոսելիս ինքնաբերաբար թքում էր դիմացինի վրա: Բարեբախտաբար, Աարոնը ֆրանսերեն գիտեր և կարողացավ խուսափել այդ «մեծ պատվից»: Իրականում, նրա ֆրանսերենի հնչերանգն ավելի լավը չէր, քան պարոն Օլիվիեի անգլերենի հնչերանգը: Մի կերպ հարմարվեցին իրար:

Մի քանի րոպե չխոսեցին, և այս անգամ կրկին Աարոնը բացեց խոսակցությունը.

-Հնարավո՞ր է, որ Թինա Բրաուն անունով մարդ ճանաչես: Նա ինձ պատմում էր մի մարդու մասին, որ իրեն հյուրընկալել էր Նիսում, ու նրա՝ այդ մարդու բնութագրությունը ձեզ շատ է համապատասխան:

-Թինա Բրաուն,- կրկնեց Օլիվիեն և բռունցքը դեպի դունչը տարավ,- այդ անունով երկուսին գիտեմ:

Աարոնի աչքերը սկսեցին ավելի վառ փայլել, քան խարույկի միջի կրակը:

-Մեկին երևի դու էլ կճանաչես՝ Դիանա թագուհու կենսագրության հեղինակին:

Աարոնի ուրախությունը մեկ վայրկյանում վերածվեց հիասթափության, երբ նա լսեց դա: Թինա Բրաունը, ում մասին նա խոսում էր, գրող չէր և անգամ չուներ գրող դառնալու մտադրություն: Աարոնը դեռ չէր լսել երկրորդ Թինա Բրաունի մասին, սակայն արդեն հույս չուներ, որ դա այն Թինա Բրաունն էր, որի մասին նա խոսում էր:

-Երկրորդն էլ մեկ տարի առաջ երկու գիշեր կացարանումս գիշերեց: Նույնիսկ մի նկար ունեմ նրա հետ: Շատ բարեհամբույր աղջիկ էր և ինձ շատ էր հարգում: Այն ժամանակ այս տունս այն չէր, ինչ դու հիմա տեսնում ես: Հիասքանչ կահույքով և ամենակարևորը՝ ճաշակով էր իմ տունը: Գներն էլ էին բարձր: Հիմա ամեն մեկին էլ ընդունում եմ: Օրինակ՝ անցած տարի…

Աարոնը ընդհատեց նրան և ասաց.

-Նկարը կարո՞ղ ես ցույց տալ:

Պարոն Օլիվիեն բերեց մի գեղեցկուհու նկար: Աարոնը զարմանքից մի պահ մոռացավ շնչել: Արժեր նույնիսկ մեռնել այդ զարմանքի համար: Նա ասաց.

-Հենց ինքն է: Իսկ նրանից ի՞նչ տեղեկություններ ունեք հիմա, պարո՛ն Օլիվիե:

Մինչ այս նա երբեք Օլիվիեին «պարոն»-ով չէր դիմել: Օլիվիեն փորձառու մարդ էր և արագ կողմնորոշվեց՝ հարցը լուրջ է, և պետք է արագ ասել այն, ինչ գիտեր:

-Ճիշտ քեզ նման էր: Նա էլ էր ճանապարհորդում, բայց նա Ասիայից էր սկսել ու եվրոպական էդ կազմակերպության հետ կապ չուներ: Իմ տանը ապրելու ժամանակ մատուցող էր աշխատում: Ասում էր նաև, որ ինչ քաղաք էլ որ գնում էր, միշտ այդտեղ աշխատում էր: Նիսը դրանցից մեկը դարձավ: Երբ այնքան գումար ունեցավ, որ կարողանա Փարիզ գնալու ծախսերը հոգալ, լքեց տունը, և այդ օրվանից նրա մասին չեմ լսել:

-Ի՞նչ ծախսերի մասին է խոսքը,-հարցրեց Աարոնը:

-Դե, հյուրանոցում կամ ինձ նման մարդկանց տներում գիշերելու համար,-ասաց Օլիվիեն,- իսկ նրան որտեղի՞ց գիտես:

-Երևում է՝ արդեն բավականին խոսել եմ, և ձեզ արդեն կարելի է վստահել: Պարո՛ն Օլիվիե, մինչև վերջերս ես մտածում էի, որ կյանքը վայելելու համար միայն ճամփորդել է պետք: Եվ ահա հանդիպեցի Թինա Բրաունին: Նրա տանը ևս ես վարձով էի ապրում: Սկզբում զարմացա, որ այդքան վարժ անգլերեն է խոսում, ապա իմացա, որ ինքը հենց անգլիացի է: Մինչ այդ, իմ ոչ մի վարձատու այդպես անկեղծ չէր դիմավորել: Իմ ճանապարհորդությունը «ապուշություն» կոչեց, բայց, չգիտես ինչու, դա ինձ ուրախացնում էր: Արդեն ժամանակն էր գնալու, ու ուզում էի նրան ապացուցել, որ իմ ճանապարհորդությունը ապուշություն չէ, ու ես մի օր հաստատ կավարտեմ դա: Միայն մի ամիս է անցել, ու արդեն կարոտում եմ նրան:

-Սիրահարվել ես փաստորեն,- ասաց Օլիվիեն՝ քթի տակ ծիծաղելով,- դե, ու՞մ ես սպասում: Այս ճանապարհորդությունդ ոչինչ է, եթե ամբողջ ճանապարհը մենակ ես գնալու: Ես գիտեմ, որ Թինան սրտի խորքում ուզում է քեզհետ ճանապարհորդել: Գնա՛, զավա՛կս:

Հաջորդ օրը Աարոնը գնաց Նիսի կայարան և ուղևորվեց Մարսել: Ուղևորությունը երկուսուկես ժամ տևեց: Ամբողջ ճանապարհին նրա գլխում մի միտք կար՝ ինչո՛ւ է Թինան դադարեցրել իր ճանապարհորդությունը:
 Զգացմունքը, որ Աարոնը տածում էր Թինայի նկատմամբ, սեր չէր: Գոնե նա այդպես էր կարծում: Նա գնացքից իջավ «Սուրբ Չառլ» կայարանում: Թինայի տունը մոտ էր կայարանին, այսպիսով, նա կարիք չուներ հասարակական տրանսպորտ նստելու: Վազելով՝ երկու րոպեում տեղ հասավ: Հինգ րոպե ևս նրան անհրաժեշտ եղավ, որպեսզի համարձակություն հավաքի զանգը տալու: Շատ ժամանակ չպահանջվեց, որ Թինան դուռը բաց անի: Կարճ, սև մազերով, սևուկ և կանաչ աչքերով աղջիկ էր: Մոտավորապես երեսուն տարեկան կլիներ: Նա այնքան զարմացած էր, որքան Արքիմեդը, երբ բացականչեց «Էվրիկա»:

-Աարո՛ն, ի՞նչ է պատահել: Դու պետք է, որ ճանապարհորդության լինեիր հիմա:

-Ինչու՞: Ինչու՞ դու կանգնեցրիր քո ճանապարհորդությունը:

-Ինչի՞ մասին է խոսքը, Աարո՛ն: Ես քեզ չեմ հասկանում,-ասաց Թինան, սակայն ակնհայտ երևում էր, որ խաբում է:

- Օլիվիե Բոռդի: Այս անունը քեզ ասու՞մ է ինչ-որ բան,-Աարոնը բարձրացրեց ձայնի տոնը, քանզի նա ատում էր, երբ նրան վատ էին խաբում:

-Ներս արի, Աարո՛ն: Ես քեզ ամեն ինչ կպատմեմ,- ասաց Թինան՝ հասկանալով, որ սուտը չի հաջողվել:

Մտան մի սենյակ, որը լի էր տարբեր քաղաքներում Թինայի լուսանկարներով: Աարոնը երբեք չէր եղել այդտեղ մինչ այդ: Դրանք բոլորը մի հարթության վրա էին՝ բացի Մարսելի նավահանգստի նկարից: Թինան սուրճ բերեց իր հետ: Նրանք նստեցին մի փոքրիկ սեղանիկի շուրջ:

-Ինչո՞ւ է Մարսելի նավահանգստի նկարը ավելի բարձր, քան մյուսները:

-Սուր աչք ունես: Դե, երևի դրանից էլ սկսեմ: Իմ ճանապարհորդություններն այստեղ վերջացան, քանի որ Մարսելի նավահանգստում արևածագը ինձ հանգստացնում է: Ուրիշ նավահանգիստներ էլ եմ տեսել, բայց սա ուրիշ է: Քեզնով հետաքրքրված էի, որովհետև ուզում էի իմանալ, թե իմ ընտրած ճանապարհը ճի՞շտ էր, թե՞ ոչ: Փաստորեն ճիշտ էր:

-Այսինքն՝ Մարսելը քեզ հանգստացնում է, ու դու այդ պատճառով է, որ կանգնեցրիր ճանապարհորդությունը:


Նրանց խոսակցությունը մի քանի ժամ տևեց, և երեկոյան Աարոնը լքեց նրա տունը: Նրա գլուխը լիքն էր մտքերով իր կյանքի մասին, և արդեն կասկածում էր իր կյանքի ուղուն: Լիցքաթափվելու համար որոշեց գարեջուր գնել: Արբել էր և գիշերելու տեղ էլ չուներ: Գիշերվա ժամը երեքը կլիներ, և նա ճիչ լսեց: Ինչ-որ զգացում նրան ստիպեց հետևել դրան: Աստիճանաբար դրանք շատանում էին, և քիչ անց նաև ծխի հոտ զգաց: Դեպի ծուխը շարժվեց և այրվող տուն տեսավ: Մտածեց. «Փաստորեն, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք կրակի մոտ իրենց հանգիստ չեն զգում: Ես նրանցից մեկը չեմ, և գուցե պահն է՝ ապացուցելու, որ ես ճիշտ ճանապարհի վրա եմ»: Հասկանում էր, որ հիմարություն է անում, բայց և այնպես ուզում էր հասկանալ Թինային: Նա հանգիստ մարդ չէր, և միգուցե դա էր պատճառը, որ երազում էր ճամփորդել և գտնել ինքն իրեն: Բայց հենց նստում էր կրակի կողքին, իրեն խաղաղ էր զգում: Տուն մտավ, հանեց բնակիչներին և փորձեց գտնել կրակի հավերժությունը: Այրման ցավը զգալով՝ նա արդեն վաղուց ձերբազատվել էր ալկոհոլի ազդեցությունից և հիմա արդեն իր սրտով էր «վայելում» իր ողբերգական վերջաբանը: Իր վերջին և ամենաերկար թվացող վայրկյանում աղաղակեց.

-Ես մեռնում եմ գոնե որպես ճանապարհորդ, որը չկանգնեց իր երազանքի ճանապարհին»:

0 Մեկնաբանություններ:

Post a Comment