Monday, 14 November 2016

Անտեսանելի շղթաներ

 Դեպի Դիլիջան եռօրյա ճամփորդության ընթացքում այցելեցինք նաև Դիլիջանի ավագ դպրոց:

Ի տարբերություն Երևանյան շատ դպրոցների՝ նրանք մեզ շատ լավ ընդունելության արժանացրին: Դպրոցին մեզ ծանոթացրին բացարձակապես սովորողները: Նրանք խոսեցին իրենց ռադիոյի, ամսագրի մասին, ինչպես նաև՝ քաղաքի երիտասարդական կյանքը ակտիվացնելուն ուղղված քայլերի մասին: Դպրոցի ուսուցչական անձնակազմը ներկայացրեց դպրոցի շրջանավարտների հաջողությունները և նշեց UWC դպրոցի մեծ աջակցությունը: Ընդհանուր առմամբ, դպրոցը` իր ծրագրերով, այն չէր, ինչ կակնկալեիր մայրաքաղաքից այդքան հեռու և պետական ծրագրերով շարժվող դպոցից: Նրանք բավականին զարգացած տեղեկատվական ծրագրեր ունեին: Այնուամենայնիվ, այս դպրոցում լինելով, սկսեցի ավելի գնահատել մեր դպրոցը: Հինգ տարի է, ինչ չէի եղել ուրիշ դպրոցում և հինգ տարի, ինչ չէի տեսել ներքին պատերով դպրոց: Չգիտեմ՝ դրանից է, թե ոչ, բայց այդ դպրոցում ինձ զգում էի, ինչպես վանդակում: Շոգ չէր, բայց ուզում էի պատուհաններ բացել: Միջավայրը ազատ չէր: Այս զգացումն ինձ ուղեկցեց մինչև կլոր սեղանը, որտեղ պատմվեց աշակերտական խորհրդի մասին: Խորհրդի գործունեության մասին լսելուց հետո հասկացա, որ նման դպրոցներ զարգացման ծրագրեր բերելուց առաջ պետք է աշակերտական նման խորհուրդներից ձերբազատվել: Կարիք չկա ունենալու նման խորհուրդ, որն իրականում ոչինչ չի որոշում և միայն ձև է՝ ցույց տալու, թե՝ «Հարգում ենք սովորողների կարծիքը»: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը չունի աշակերտական խորհուրդ: Կարո՞ղ է գտնվել մեկը, որ ասի, թե մյուս դպրոցների աշակերտական խորհուրդներն ավելի շատ բան են փոխում իրենց դպրոցում, քան մեր դպրոցի սովորողները: Ուզում եմ ասել, որ նման դպրոցների մեծագույն խնդիրը ինքնախաբեությունն է: Աշակերտական խորհուրդներ ստեղծելու փոխարեն կնախընտրեի տեսնել դպրոցներ, որտեղ իրոք հարգում են սովորողի կարծիքը և ուզում են զարգանալ իրենց սովորողների մտքերով: Սա միակ խնդիրն էր, որ տեսա այս դպրոցում, որն ամենևին էլ միայն այս դպրոցին չէր վերաբերում, այլ՝ համակարգին, որը, ինքնին, ինքնախաբեության վրա է կառուցված: 

0 Մեկնաբանություններ:

Post a Comment