Monday, 7 November 2016

«Ինտելեկտուալ բաց մրցաշար». անփոփում


Նոյեմբերի 4-5 Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի ունեցավ «Ինտելեկտուալ բաց մրցաշար»: Մեր կրթահամալիրը ներկայացնում էին ընդհանուր մասնակից 11 թիմերից 3-ը:
Առաջին թիմը փորձառու և հաղթանակի մեծ հավակնորդ` «Ապոլոն» թիմն էր: Մյուս երկու թիմերը` «Վամէսա»-ն և «Վան»-ը, սկսնակ էին և առաջին անգամ էին մասնակցում մրցաշարին: Մրցաշարի առաջին օրը անցկացվեց «Ինչ, որտեղ, երբ» խաղը: Ամենաբարձր միավորները 8 վաստակած թիմերը իրավունք կստանային մասնակցելու երկրորդ մրցութային օրվան: Արդարության համար նշեմ, որ առաջին ութնյակի մեջ կար ահռելի տարբերություն, և առաջատար երկու թիմերը բավականին առաջ էին պոկվել մյուսներից: Դրանք էին «Ապոլոն»-ը և «Կոսմոս»-ը: Միավորների չնչին առավելությամբ հաղթեց կրթահամալիրի «Ապոլոն» թիմը: Կրթահամալիրի մյուս երկու թիմերից, ցավոք սրտի, անցավ միայն «Վամէսա» թիմը, սակայն «Վան»-ը ևս մեծ պայքար ցուցաբերեց: Այնուամենայնիվ «Վան» թիմի անդամները եկան Նոյեմբերի 5-ին` իրենց աջակցությունը հասցնելու կրթահամալիրի թիմերին: Միգուցե նաև նրանց մեր կողքին լինելու շնորհիվ էր մեր ցուցադրած արդյունքը: Իսկ արդյունքը տպավորիչ էր: Մի թիմի համար, որը, ի սկզբանե, ետնապահ էր համարվում ոչ միայն հասավ Brain Ring խաղի եզրափակիչ, այլ նաև հաղթեց մրցաշարի այդ փուլը: Դա մեծ հաջողություն էր «Վամէսա»-ի համար: Այսպիսով սկսնակների թիմը անակնկալ մատուցեց և ցույց տվեց խաղի հետաքրքրությունը: Որպես եղածի անմիջական վկա` փաստում եմ, որ թիմի հաղթանակի մեծագույն մասը թիմի ոգին էր և «Վան» թիմի հոգեբանական աջակցությունը: Երրորդ փուլում անցկացվեց «Своя игра» խաղը: Այս փուլում այդքան էլ կարևոր չէր թիմային աշխատանքը, սակայն թիմի հանդեպ ունեցած պատասխանատվությունը մեծ ճնշում էր յուրաքանչյուր մասնակցի համար: Հատկանշական էր, որ անկախ խաղացողի ցուցադրած արդյունքից, բոլոր թիմերի անդամները ոգեշնչում էին միմյանց: Երրորդ փուլը ունեցավ շատ դրամատիկ վերջաբան: Մինչև խաղի վերջին հարցը դեռ որոշված չէր հաղթողը, և միանգամից երեք թիմեր, ունենալով գրեթե հավասար միավորներ, ունեին հնարավորություն հաղթելու: Առաջնությունը անցկացվեց շատ մտերմիկ և բարի մթնոլորտում: Միգուցե միակ վատ կողմը «Կոսմոս» թիմի որակազրկումն էր` ուշացման համար: Սակայն դա ևս մի վճռորոշ պահ էր, որը, փաստացի, առաջին քայլը եղավ դեպի «Վամէսա թիմի» հաղթանակը: Մրցաշարը մի գեղեցիկ պահ կմնա իմ հիշողության մեջ և կլինի առաջինը առաջիկա բազում մրցաշարերի մեջ:

Այս մրցաշարը առիթ էր մարզելու թե' թիմային, և թե անհատական կարողությունները: Թիմում լինելը մեծ պատասխանատվություն է թիմի յուրաքանչյուր մասնակցի համար, քանի որ քեզնից է կախված ոչ միայն քո, այլ մի ամբողջ խմբի հաղթանակը: Պատասխանատվությունը ավելի է մեծանում, երբ հանդես ես գալիս թիմի ավագի դերում: Սա հարթակ է ցուցադրելու քո առաջնորդի հմտությունները: Ուրախ եմ, որ կլինի ևս մեկ մրցաշար և ավելի ուրախ եմ, որ այդ մրցաշարում կլինենք հյուրեր, քանզի կրթահամալիրում հարազատ պետերը ևս օժանդակեցին մեր հաղթանակին: 

0 Մեկնաբանություններ:

Post a Comment