Sunday, 16 October 2016

Ալբեր Քամյու «Օտարը»

Իմ կարծիքով, Ալբեր Քամյուի «Օտարը» ստեղծագործությունը լիարժեք չէ: Մենք չենք կարող գլխավոր հերոսի կերպարը ամբողջովին հասկանալ, քանի դեռ չգիտենք, թե ինչ իրադարձությունների արդյունքում է նա այդպիսի բնավորություն ձեռք բերել
:
Ըստ իս, չի կարելի դատել ինչ-որ մեկի գործողությունները, եթե դա ուրիշ ոչ մեկին վնաս չի հասցնում: Քննարկման ժամանակ համադասարանցիներիցս ոմանք անընդհատ շեշտում էին, որ նա չէր տարբերում կարևորն ու անկարևորը: Կնշեմ, որ յուրաքանչյուր մարդ ինքն է իր համար սահմանում, թե որն է կարևոր, որը՝  անկարևոր, ու չի կարելի ասել, որ նա սխալ էր: Ստեղծագործությունը գրված էր առաջին դեմքով՝ այսպիսով մեզ հնարավորություն ընձեռելով իմանալ նրա մտքով անցած ամեն բան: Սա բացառիկ երևույթ է, քանի որ, եթե յուրաքանչյուրս բացահայտենք այն ամենը, ինչ որ մենք ենք մտածում, ապա, մեղմ ասած, լավ պատկեր չի ստացվի: Գլխավոր հերոսը ցանկանում էր հասկանալ բոլորին և չէր մեղադրում ինչ-որ մեկին: Դրա ապացույցն է այն հատվածը, երբ նա մտածում է իր «շեֆի» տեսանկյունից և հասկանում է նրա վատ տրամադրության պատճառը: Հատկանշական է, որ նրա կերպարը քիչ թե շատ փոփոխություն կրեց, երբ նա տեսավ, որ իրեն ևս հնարավոր է սիրել: Այս փոփոխությունը ցույց է տալիս, որ նա ուներ սիրո պակաս, և դա էր պատճառը, որ կյանքը նրա համար ուղղակի մի ճանապարհ էր, որով պետք է, որքան հնարավոր է, երկար քայլել:
Քամյուն նաև ընդգծում է անկեղծ և կեղծ զգացմունքների տարբերությունը: Գլխավոր հերոսի մոր հոգեհանգստի ժամանակ մի կնոջ կեղծ լացն ուներ իր դրդապատճառը: Դա կարծրատիպն էր, որը ստիպում էր նրան կեղծ լաց լինել:
Գլխավոր հերոսը մի մարդ էր, որը ցույց էր տալիս իր զգացմունքները և միևնույն ժամանակ չէր ցանկանում ինչ-որ մեկին վիրավորել: Իսկ ինչո՞վ ենք մենք ավելի լավը նրանից, մենք, որ զգացմունքային ենք երևում, սակայն անհրաժեշտության դեպքում վիրավորում ենք իրար և տարաձայնություններ ստեղծում: Միգուցե, եթե բոլորս լինեինք Օտարի նման, ապա մեր հարաբերություններն ավելի անմիջական և խաղաղ կլինեին: Մարդիկ ատում են օտարներին, քանի որ բավական զարգացած չեն նրանց հասկանալու համար: Դրա համար նրանք «ճիշտ» և «սխալ» են հորինում և իրենց արածը վերագրում են «ճշտին», իսկ այն արժեքները, որոնց չեն կարողանում հասկանալ, կոչում են «սխալ»: Ինձ համար «Oտարը» մեծագույն գործ կլիներ, եթե մենք իմանայինք նրա նման պատկերացումների հիմնաղբյուրը և պատճառը. չէ՞ որ մենք բոլորս էլ մտածում ենք՝ հիմնվելով մեր կյանքի փորձի վրա… :

0 Մեկնաբանություններ:

Post a Comment